ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր խորը մտահոգությունն է հայտնել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատի ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ:
Նա իր մտահոգությունը բաց նամակի տեսքով հղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին։ «Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին»,-գրել է նախարարն իր Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ Հայաստանի դեպքում ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով. «համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:
«Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանը, և՛ Հնդկաստանը»-գրել է Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ Հայաստանը դա համարում է անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում։
«Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից):
Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնությունները ապագայում կկանխեն նմանատիպ միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը: Անհրաժեշտության դեպքում սիրով կմասնակցենք թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը։ Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ հարգանքիս հավաստիքը հայտնել Ձեզ և ՖԻԴԵ-ին»,-նշել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ եզրափակչում հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։1,5 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։ ՖԻԴԵ-ն որոշեց երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեև բողոքարկման բավարարման դեպքում պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։ Մինչդեռ, Հայաստան-Հնդկաստան դիմակայության առաջին ռաունդում նույնպես սերվերի հետ կապված խնդիր էր առաջացել, ինչի հետևանքով Հայկ Մարտիրոսյանը չէր կարողացել քայլ կատարել և պարտվել էր, սակայն մեր թիմի բողոքարկումը ՖԻԴԵ-ն չբավարարեց: