Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը:
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության՝ սեպտեմբերի 23-ին կայացած վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուին և շուրջ երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ է կատարել նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պայմաններում դեպի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած նոր մարտահրավերներին՝ նշելով, որ համաշխարհային արգելափակման միջոցառումների շրջանակներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներն առերեսվեցին կայուն և ներառական աճի ավելի մեծ սահմանափակումների: Վերջիններիս հասեցագրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար համավարակի հետևանքների մեղմացման շուրջ միջազգային համագործակցության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Վիեննայի գործողությունների ծրագիրը և դրա արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի մեկնարկը:
«Կարևոր է, որ համավարակի պատճառած վնասների հետ մեկտեղ մենք հասցեագրենք նաև զարգացման ճանապարհին նախկինում առկա խոչընդոտները. շրջափակումները և միակողմանի հարկադրանքի միջոցները աղետալի են կայուն զարգացման համար և հակասում են արձագանքման ու վերականգնման ուղղությամբ ներդրված ջանքերին: Նրանք խարխլում են ոչ միայն տարածաշրջանային զարգացումը, այլև խաղաղությունը և անվտանգությունը»,-նշել է Մանացականյանը։
Նա ընդգծել է, որ արդեն շուրջ երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը:
«Հայաստանը լիովին հավատարիմ է արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ուղղված գլոբալ, միջազգային և տարածաշրջանային զարգացմանը: Մենք շարունակում ենք դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական համագործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար»,-նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Եզրափակելով ելույթը՝ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ի աջակցություն Վիեննայի գործողությունների ծրագրի և վերջինիս արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի վեց առաջնային ոլորտների: