Կանադան հետ է կանչել Թուրքիա սպառազինություն եւ տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվություններն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց օգտագործման մասին ապացույցներ են ստացել: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոյի հայտարարության մեջ:
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր խիստ ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման թույլտվությունները՝ մինչեւ կանադական տեխնոլոգիան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում օգտագործելու մեղադրանքների վերաբերյալ հետաքննության արդյունքները:
Այս միջոցառումները հաջորդում են 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը, որը տեղի էր ունեցել Սիրիայի հյուսիս-արեւելք նրա ռազմական ներխուժումից հետո:
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, ազգային պաշտպանության նախարարության հետ համատեղ, այդ ժամանակվանից անցկացրել է Թուրքիայի համար ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման բոլոր կասեցված եւ գործող թույլտվությունների մանրակրկիտ վերանայում:
Այս հետաքննությունից հետո, որի ընթացքում հայտնաբերվել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում, ես հայտարարում եմ 2020 թվականի աշնանը դադարեցված թույլտվությունների չեղարկման մասին:
Տեխնոլոգիաների եւ ռազմական նշանակության ապրանքների օգտագործումը չի համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը եւ Թուրքիայի վերջնական օգտագործման հավաստիացումներին:
Այս առավոտ ես խոսեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ Կանադայի մտահոգությունները հաստատելու եւ կանադացի ու թուրք պաշտոնյաների միջեւ երկխոսության մեխանիզմ նախաձեռնելու համար:
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»,- ասված է հայտարարության մեջ: