Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է 2020 թվականի նոյեմբերին՝ հեռակառավարվող ռոբոտացված սարքով հագեցած գնդացրի օգնությամբ: Ինչպես հաղորդում Է ТАСС-ը, նման պնդմամբ հանդես է եկել The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան, իսրայելական և իրանական մի շարք աղբյուրներ:
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից որպես զենք ընտրվել է բելգիական FN MAG արտադրության գնդացիրը, որը ապամոնտաժված ձևով բերվել է Իրանի տարածք, որտեղ հետագայում այն հավաքվել և տեղադրվել է: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ գնդացիրը հագեցած է եղել ռոբոտացված սարքով և տեսախցիկներով, ինչը դիպուկահարին թույլ է տվել կրակել հեռահար ռեժիմով։ Մեքենան, որի վրա այն տեղադրվել էր, ականապատվել է, որպեսզի գործողության ավարտից հետո կազմակերպիչները կարողանան ոչնչացնել ապացույցները:
Գործակալությունը նշում է, որ գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն ղեկավարել է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: 2020 թվականի նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգի Դամովենդ քաղաքի շրջանում նրա դեմ մահափորձ է կատարվել։ Ավելի ուշ ՊՆ-ն հաստատել է, որ գիտնականը վիրավորվել է և մահացել հիվանդանոցում։ Իրանի նախկին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մասնագետի սպանության մեջ Իսրայելի հետքն է նկատվում: