ԵՄ-ի ոստիկանությունը փախստականների փոխադրմամբ զբաղվող բանդա է հայտնաբերել։ Հանցավոր ցանցը, որը հարյուր միլիոնավոր եվրո է վաստակել Թուրքիայից Իտալիա միգրանտների անօրինական տեղափոխման համար, հայտնաբերվել է Եվրամիության ոստիկանական ծառայության (Եվրոպոլ) կողմից, հայտնում է Reuters-ը։
Հաղորդագրության համաձայն՝ Ալբանիայում, Հունաստանում և Իտալիայում իրավապահ մարմինների ստուգումների արդյունքում 29 մարդ է ձերբակալվել: Հունական ոստիկանության հաղորդմամբ՝ ցանցն ակտիվ է նաև Թուրքիայում, որտեղից էլ տեղի է ունենում միգրանտների տեղափոխումը։
Եվրոպական միության ոստիկանական ծառայությունը հայտարարել է, որ առնվազն 1100 միգրանտ անօրինական կերպով եվրոպական երկրներ է փոխադրվել հանցավոր ցանցի օգնությամբ, որն այդ գործում կարողացել է «հարյուր միլիոնավոր եվրո» վաստակել:
Փոխադրումների մեծ մասը իրականացվել է Թուրքիայից Իտալիա՝ ծովային ճանապարհով, իսկ մի մասն էլ՝ Հունաստանից Իտալիա փոխադրումների միջոցով։ Մաքսանենգները մոտ 5000 եվրո են վերցրել յուրաքանչյուր փախստականից։
Հունական ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ օգտագործված զբոսանավերից մի քանիսը գողացվել են Հունաստանի արևմտյան շրջաններից։