Ղազախստանի իրավապահ մարմինները 1822 քրեական գործ են հարուցել ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման փաստերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը, փոխանցում է ТАСС-ը։
Դատարանների կողմից վարչական կարգով ձերբակալվել է 3 314 անձ: Դատախազների կողմից բողոքարկվել է 1 884 միջնորդություն պատժի մեղմացման վերաբերյալ: Նրանց քննարկման արդյունքում կալանքից ազատ է արձակվել 1 083 անձ։ 490 քաղաքացու նկատմամբ տուգանքը փոխարինվել է նախազգուշացմամբ։
Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 970 կասկածյալների զանգվածային անկարգությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի հետաքննության ընթացքում, հայտնել է նաև Ղազախստանի գլխավոր դատախազության առաջին ծառայության պետի տեղակալ Ելդոս Կիլիմժանովը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի մի շարք քաղաքներում հունվարի 2-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք մի քանի օրից վերաճել են զանգվածային անկարգությունների և ջարդերի: Նրանք ուղեկցվել են ոստիկանների, զինվորականների և իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի բազմաթիվ քաղաքներում՝ առաջին հերթին Ալմաթիում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումից հետո ՀԱՊԿ-ի երկրները խաղաղապահներ են ուղարկել Հանրապետություն: Խմբավորման կազմում ընդգրկված են ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները