Փետրվարի 14-ից Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Страна.ua-ին:
Ինչպես պարբերականին պարզաբանել է զրուցակիցներից մեկը, խոշորագույն բրիտանացի ապահովագրողները, որոնց մոտ վերաապահովագրվում են այլ միջազգային ընկերություններ, համաշխարհային բոլոր մասնավոր ընկերություններին պաշտոնական հաղորդագրություն են ուղարկել:
Այնտեղ նշվել է, որ Ուկրաինայի բոլոր օդանավերի համար ապահովագրական ծածկույթը կդադարի գործել: Ըստ աղբյուրի՝ մասնավոր ինքնաթիռների սեփականատերերը հաստատել են, որ նման ծանուցում են ստացել։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լարված են։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա ներխուժելու նախապատրաստման մեջ: Ռուսաստանը հակադարձում է բոլոր մեղադրանքներին՝ նշելով, որ Կիևը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը, և ուկրաինական իշխանությունները շփման գծի մոտ կենտրոնացրել են բանակի անձնակազմի կեսին: Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս նշել են, որ «ՌԴ ագրեսիայի մասին» տեղեկությունները բացառապես մեկ նպատակ ունեն. ըստ ռուսական կողմի՝ նպատակը ռուսական սահմանների մոտ օտարերկրյա ուժերի ու խմբավորումների ավելացումն է: