Դոնբասի իրադրությունը վերջին ժամերին մեծ մտահոգություն է առաջացնում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ-ի և Աֆրիկյան միության գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Դոնբասի իրադրությունը վերջին ժամերին ծայրահեղ անհանգստություն է առաջացնում։ Արդեն շատ զոհեր կան։ Ես մտածում եմ նրանց հարազատների մասին»,- ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակվում է Ելիսեյան պալատի Twitter-ում։
«Արձանագրվել են հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ։ Այդ խախտումները պետք է դադարեցնել։ Դրանք մինչև վերջին ժամանակներս պահպանվել է կողմերի կողմից»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդները «պետք է գնահատական տան վերջին իրադարձություններին»:
«Առաջիկա ժամերին Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև սերտ համակարգումներ կիրականացվեն։ Այդ խորհրդակցությունների արդյունքում մենք, ինչպես միշտ, պատասխան կտանք»,- ասել է Մակրոնը։
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է պահպանել հանգստությունը, մնալ միասնական։ Դա այն է, ինչ մենք ուզում ենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիան Ռուսաստանից ակնկալում է Ուկրաինայի հետ սահմանից զորքերի դուրսբերման հաստատում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: «Մենք ներկա պահին ռուսական զորքերի հետքաշման հաստատումներ չունենք։ Ես լսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ողջունում եմ այդ հայտարարությունները։ Հիմա կարևոր է, որ այդ հայտարարությունները հաստատումներ գտնեն գործողություններում»,- ասել Է Մակրոնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկում և Լուգանսկում խաղաղ բնակչությանը խորհուրդ էին տվել մեկնել Ռուսաստանի տարածք։