ԱՄՆ-ը և ԵՄ-ի մի շարք երկրներ արձագանքել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին արտակարգ հաղորդագրությանը:
Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով խորհրդի նիստ։ Նիստի գլխավոր թեման Ուկրաինայի իրադրությունն է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները։ Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի երեկոյան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Միևնույն ժամանակ, այդ զրույցների բովանդակությունը չի բացահայտվում։
Բրյուսելը Եվրամիության անդամ երկրներին կառաջարկի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր էջում հայտնել է, որ խոսել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ վկայակոչելով NBC հեռուստաընկերության լրագրողին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահը քննարկել են նախապատրաստվող ռուսական ագրեսիայի սկսելու դեպքում Վլադիմիր Զելենսկիի՝ Կիևից հեռանալու ծրագրերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը որակել է միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում:
«Դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, որը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դա Մինսկի գործընթացից և Մինսկի համաձայնագրերից հրաժարում է։ Կարծում եմ, որ դա վատ նախանշան է և շատ մռայլ ազդանշան»,- հայտարարել Է Ջոնսոնը:
ՆԱՏՕ-ում նույնպես դատապարտել են Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը: Դաշինքում կարծում են, որ դա խարխլում է Ուկրաինայում կարգավորման ջանքերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գլխավոր քարտուղարի հայտարարությունը։