ՌԴ Դաշնության խորհուրդը Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ համաձայնություն է տվել ՌԴ տարածքից դուրս ՌԴ Զինված ուժերի օգտագործմանը:
Հարցի շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել ՌԴ-ի վերին պալատի երեկոյան նիստում՝ ՌԴ-ի Դաշնության խորհրդի կողմից ՌԴ-ի զինված ուժերի՝ Ռուսաստանից դուրս օգտագործման վերաբերյալ համաձայնություն տալու խնդրանքով նախագահի դիմումից հետո: Որոշումն ընդունվել է միաձայն։
ՌԴ նախագահն ինքը կորոշի Ռուսաստանի սահմաններից դուրս ՌԴ զինված ուժերի գտնվելու ժամկետը, դրանց ընդհանուր թվաքանակը, գործողությունների շրջանները և խնդիրները: Նման կետեր պարունակվում են Դաշնության խորհրդի որոշման նախագծում, հայտնել է պալատի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը:
Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին: Կողմերը բարեկամության և համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր են ստորագրել: Պետդուման և Դաշնության խորհուրդը փետրվարի 22-ին վավերացրել են պայմանագրերը։