ԱՄՆ-ը կաջակցի այն որոշումներին, որոնք կընդունի Ուկրաինան։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ուենդի Շերմանը «Коммерсант» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կաջակցի արդյոք Վաշինգտոնը Կիևի կողմից չեզոք կարգավիճակի ընդունումը։
«Մենք կաջակցենք այն որոշումներին, որոնք մեզ համար կընդունի Ուկրաինան։ Մենք այդ ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ Ուկրաինայի հետ ոչինչ չենք անի առանց Ուկրաինայի։ Մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի։ Եվ ՆԱՏՕ-ի հետ առանց ՆԱՏՕ-ի։ Այնպես որ, ընտրությունը Ուկրաինայի ժողովրդինն է։ Մենք կաջակցենք այն որոշումներին, որոնք նրանք կընդունեն», – ասել է նա։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փետրվարի 25-ին Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։ Նույն օրը Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն էլ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, և կողմերը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ: