ԵՄ երկրները փակում են օդային տարածքները ռուսական ինքնաթիռների համար: Ինչպես տեղեկացնում է TACC-ը, այսօրվանից ռուսական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակում է Գերմանիան: Այս մասին հայտնել է Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իտալիայի իշխանությունները ևս հայտարարել են, որ փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
TACC-ը հայտնում է, որ Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Հանս Դալգրենը Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց երկիրը ևս կփակի օդային տարածքը ՌԴ ինքնաթիռների համար: Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Տոուրդիս Կոլբրուն Գյուլֆադոտիրը Twitter-ի էջում հայտնել է, որ երկիրը կփակի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
Նման հայտարարություններով ավելի վաղ հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Չեխիան, Լիտվան, Ռումինիան, Իռլանդիան, Ավստրիամ, Դանիա, Բելգիա, Սլովենիան:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։