Վաշինգտոնը փակում է երկրի օդային տարածքը բոլոր ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում, փոխանցում է РИА Новости-ն։
«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք հետևում ենք մեր դաշնակիցներին՝ Ռուսաստանին ավելի մեկուսացնելու համար՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար և ճնշում գործադրելով նրանց տնտեսության վրա»,- Կոնգրեսում ելույթ ունենալիս ասել է Բայդենը։
ԱՄՆ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ԱՄՆ օդային տարածքի օգտագործման արգելքը վերաբերում է Ռուսաստանի հետ կապված բոլոր ինքնաթիռներին, այդ թվում՝ չարտերային թռիչքներին։
Ավելի վաղ Եվրամիությունը փակել էր երկինքը բոլոր ռուսական ինքնաթիռների համար։ Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների տեխնիկական աջակցությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Փետրվարի 28-ին Գոմելում կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի համաձայն՝ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո ասել է, որ կողմերը «որոշ կետեր են գտել, որոնց վերաբերյալ կարող են ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել»։ Բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 2-ին։ Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն մարտի 1-ին հայտարարել էր, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, քանի դեռ չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։