Թուրքիայի կողմից Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչուների վաճառքը օգնության ձև չէ, դա այն արտադրանքն է, որը Ուկրաինան ձեռք է բերել թուրքական ընկերությունից, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, հաղորդում է Daily Sabah-ը։
«Պաշտպանական արդյունաբերության մասնավոր ընկերությունները կարող են նման համաձայնագրեր կնքել երկրների հետ։ Դա ոչ թե օգնություն է Թուրքիայի կողմից, այլ թուրքական ընկերությունից Ուկրաինայի գնած արտադրանքն է։ Ավելին, Ուկրաինան միակ երկիրը չէ, որը գնում է Bayraktar TB2։ Բոլորը հերթ են կանգնել, որպեսզի ստանան այդ անօդաչու սարքերը», – մեջբերում է պարբերականը Քիրանի խոսքը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ Ուկրաինան մեծացնում է թուրքական «Բայրաքթար» անօդաչուների մատակարարումները, որոնք օգնում են ոչնչացնել ռուսական զորքերի ստորաբաժանումները: Դեսպանի խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն արդեն վերապատրաստում են անցնում Թուրքիայում։ Ուկրաինայի իշխանություններն արդեն շփվում են Թուրքիայի հետ հարվածային անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ մատակարարման վերաբերյալ։