Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համակարգերը չեն տուժել, ճառագայթման արտանետում չի եղել։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, փոխանցում է РИА Новости-ն։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Էներգոդար քաղաքը, Զապորոժիեի ատոմակայանը և հարակից տարածքը։ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողները, որոնք հսկում էին էլեկտրակայանը, դեռևս ռուսական ստորաբաժանումների ժամանումից առաջ լքել էին օբյեկտը և փախել անհայտ ուղղությամբ։
Նա նշել է, որ կայանի օբյեկտները և հարակից տարածքը հսկողության տակ են առել ռուս զինվորականները, վերջին հինգ օրվա ընթացքում ԱԷԿ-ի անձնակազմը շարունակել է պլանային աշխատանքը։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 4-ի գիշերը տեսաուղերձ է հղել ամբողջ աշխարհին՝ ասելով, որ ռուսական զորքերը գնդակոծում են Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ատոմակայանը՝ այնտեղ հրդեհ առաջացնելով։ Զելենսկին ասել է, որ ռուսական զինված ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցնում կայանին, և որ իրենք հատուկ պատրաստվում են այս հարձակմանը։ Նա ընդգծել է, որ նման հրետակոծությունը հղի է Չեռնոբիլի աղետի կրկնությամբ, և կոչ է արել աշխարհին անհապաղ արձագանքել Ռուսաստանի զինված ուժերի գործողություններին։ «Եվրոպան հիմա պետք է արթնանա»,- ասել է նա։
Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել է, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ռադիացիոն ֆոնը նորմալ է։