Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան հայտարարել է, որ ինքը դուրս է եկել ուկրաինական տարածքից և վերադարձել Բաքու: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Ախունդովայի տեղեկություններով՝ Ուկրաինան լքել են նաև ադրբեջանցի դիվանագետները՝ իրենց ընտանիքների հետ: Նրանք հասել են Մոլդովայի հետ սահման՝ Քիշնևից կմեկնեն Բաքու:
Դեսպանը նաև նշել է, որ այդպիսով հաջողվել է «փրկել դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամներից ավելի քան 40 մարդու»՝ չհստակեցնելով, թե ումից է հաջողվել փրկել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողության մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Մարտի 3-ին Բրեստի մարզում կայացել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: «Ցավոք, մենք չստացանք այն արդյունքները, որոնք ակնկալում էինք», – բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել արդեն երրորդ ռաունդում, որը կկայանա առաջիկա օրերին: Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ապահովել քաղաքացիներին տարհանելու և սննդամթերք ու դեղորայք առաքելու, ինչպես նաև հնարավոր ժամանակավոր հրադադարի մասին: