Մի քանի այլ ընկերություններ հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց առևտրային գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Esquire-ը:
Սպորտային adidas ապրանքանիշը, որը հայտարարել էր Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ համագործակցության դադարեցման մասին, այժմ ամբողջությամբ փակում է խանութները երկրում՝ ֆիզիկական և առցանց։
Levi Strauss & Co-ն (ավելի հայտնի Levi’s ապրանքանիշով) նույնպես դադարեցնում է առևտրային գործունեությունը Ռուսաստանում: Մինչ բրենդի խանութները կփակվեն, աշխատակիցները կշարունակեն վարձատրվել. «Ընկերությունը մտադիր է առաջիկա ամիսներին աջակցել իր աշխատակիցներին, գործընկերներին և նրանց ընտանիքներին, որոնք տուժել են այս որոշումից»,- ասվում է Levi’s-ի հայտարարության մեջ:
Նաև Estee Lauder կոսմետիկ ընկերությունը (նրան պատկանում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են MAC, Clinique, Bobbi Brown, Jo Malone, Origins, DKNY, Tom Ford Beauty) հայտարարել է աշխատանքի ժամանակավոր դադարեցման և իր խանութների փակման մասին։ Բրենդային ապրանքները Ռուսաստան չեն առաքվի: Բացի խանութների փակումից, ընկերությունը դադարեցնում է բիզնես ներդրումները երկրում: