Վրաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների համար Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառուցվածքային ստորաբաժանումներն անվճար կլինեն։ Դրանք են հասարակական տրանսպորտը, մանկական ժամանցի կենտրոնները, թանգարանները, թատրոնները, լողավազանները և այլն։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարման նիստում։
Նրա խոսքով՝ երկրում Ուկրաինայի քաղաքացիներին օգնելու համար թեժ գիծ է գործարկվել։
«Կցանկանայի ևս մեկ անգամ իմ աջակցությունը հայտնել ուկրաինացի ժողովրդին և մաղթել խաղաղություն։ Ինչպես գիտեք, որոշակի միջոցառումներ են անցկացվում Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների համար։ Գիտեք, որ կենտրոնական իշխանությունը որոշել է այդ մարդկանց բնակարանով, սննդով ապահովել, և, բնականաբար, քաղաքապետարանը ներգրավված է այս ամենի մեջ, ինչը ողջունելի է։
Մենք բացել ենք հատուկ «թեժ գիծ»։ Այս քաղաքացիները, եթե ունեն որևէ անհրաժեշտություն և լրացուցիչ օգնության կարիք, կարող են կապվել մեզ հետ «թեժ գծով»։ Նրանք կարող են կապ հաստատել մեզ հետ, իսկ մենք կփորձենք հնարավորինս օգնել»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ անցյալ շաբաթ Ուկրաինային աջակցելու համար ստեղծված գանձապետական հաշիվն արդեն կուտակել է ավելի քան մեկ միլիոն լարի։