Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հայտարարել է, որ իր տանը կընդունի ուկրաինացի փախստականների ընտանիքներին: Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Ոչ ոք այս աշխարհում ապահովագրված չէ նման աղետներից, և մենք բոլորս պետք է օգնենք միմյանց մեր ուժերի ներածին չափով: Ցանկանում եմ ուկրաինացի ընտանիքներին իմ տանը տեղավորել, նրանք անվտանգ կլինեն, նրանց մասին հոգ կտանեն։ Եթե ես մենակ լինեի կամ երեխաների հետ ու մենք վնասվածք ստանայինք, հուսով եմ, որ ինչ-որ մեկը նույնպես հոգ կտաներ մեր մասին»,-գրել է Շերը։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Դիլոնը մարտի 15-ին հայտնել է, որ պատերազմի ընթացքում Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 3 միլիոնը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։