Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է նրան տարհանելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով The Sunday Times-ին:
«Մենք այդ ամենը վաղուց ենք քննարկել։ Առաջին թեմաներից մեկն այն էր, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ վատ ընթանա։ Պետք է ասեմ, որ Վլադիմիրը (Զելենսկին) միշտ շատ պարզ է եղել. նա հայտարարել է, որ պարտական է ուկրաինացի ժողովրդին, պատրաստվում է այնտեղ մնալ որպեսզի հոգ տանի նրանց մասին»-նշել է Ջոնսոնը:
Վերջինս չի բացառել Կիև իր այցի հավանականությունը՝ չնայած Ուկրաինայում շարունակվող ռուսական ռազմական գործողությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։