Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը: Այս մասին ասված է Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Նրանք խորը մտահոգություն են հայտնել Ուկրաինայում ավելի ու ավելի դաժան հակամարտության կապակցությամբ, վարչապետը ողջունել է Թուրքիայի դիվանագիտական ուժեղ առաջնորդությունն ու հումանիտար պատասխանը։ Նրանք քննարկել են Ուկրաինայի կառավարությանը ռազմական և տնտեսական աջակցության ավելացման ուղիները, որը փորձում է պաշտպանվել։ Առաջնորդները նաև քննարկել են նոր սպառնալիքների ներքո տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը, այդ թվում՝ Սև ծովում», – ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, կողմերն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ինտենսիվացմանը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտին։
Բրյուսելում Ջոնսոնը հանդիպումներ է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և ռուսական ածխաջրածիններից կախվածության նվազումը: