Հայերի նկատմամբ էթնիկ զտումների Ադրբեջանի նպատակն այսօր թևակոխել է նոր փուլ: Նրանք ամբողջությամբ խախտել են եռակողմ հրադադարը և հարձակվել Արցախի հայկական դիրքերի վրա:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխարհահռչակ հայ երգիչ Սերժ Թանկյանը:
«Ադրբեջանը խախտել է փխրուն հրադադարը՝ սպանելով երկու հայ զինվորի։ Սուտասաններ, մարդասպաններ, դևեր»,- գրել է Թանկյանը։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։