ԱՄՆ կինոակադեմիան հետաքննություն է սկսել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթի և Քրիս Ռոքի հետ կապված սկանդալի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն։ Հիշեցնենք, որ դերասանը բեմ է բարձրացել և հարվածել կատակերգուին, որն անհաջող կատակել է Ջադա Փինկետ Սմիթի կարճ սանրվածքի մասին։
«Կինոակադեմիան դատապարտում է պարոն Սմիթի գործողությունները։ Մենք սկսել ենք միջադեպի պաշտոնական վերանայումը և կուսումնասիրենք հետագա գործողություններն ու հետևանքները՝ համաձայն մեր կանոնադրության, վարքագծի կանոնագրքի և Կալիֆոռնիայի օրենքի»,- ասված է նամակում:
Կարգապահական տույժերը ենթադրում են արտոնությունների կորուստ, միջոցառումների հրավերներից զրկում, կինոակադեմիայի անդամության կասեցում կամ չեղարկում և մրցանակի չեղարկում:
Կինոակադեմիայի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել։ Օրինակ, ոչ ոք չի վերցրել արձանիկները սեռական ոտնձգության համար դատապարտված Հարվի Վայնշտեյնից: Ռեժիսոր Ռոման Պոլանսկին, ով մեղադրվում է 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ, և դերասան Բիլ Քոսբին, ով ազատազրկվել է սեռական ոտնձգությունների համար, մնացել են իրենց պարգևներով։ Նրանց բոլորին ուղղակի զրկել են անդամությունից։
Նշենք, որ «Օսկար»-ի սկանդալից հետո Քրիս Ռոքի ելույթների գներն աճել են 10 անգամ։ Ինքը՝ կատակերգուն, ոստիկանություն չի դիմել։
Ուիլ Սմիթը հրապարակային ներողություն է խնդրել՝ ասելով, որ «բռնությունը ցանկացած ձևով թունավոր է և կործանարար»: