Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինն արձագանքել է Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին տեղեկատվությանը:
«Կարծում եմ, որ կից լուրը կեղծ կամ լրագրողական սխալ է, քանի որ այլ կերպ պետք է խոստովանել, որ Ադրբեջանի ամբողջ գլխավոր դատախազությունում չեն մնացել մարդիկ, որոնք կարող են հասկանալ ռուսերեն լեզուն կամ օգտվել թարգմանչի ծառայություններից», – գրել է Դելյագինը իր Telegram ալիքում:
Պատգամավորի խոսքով՝ «եթե ենթադրենք, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ցավալի է, քանի որ այն ժողովուրդը, որի իրավական համակարգն ապրում է իրականության հետ կապ չունեցող պատկերացումներում, սպասում է շատ հետաքրքիր բացահայտումների, և ոչ միշտ հաճելի»:
Դելյագինը հայտարարել է, որ «թեև, հնարավոր է, (եթե լուրը համապատասխանում է իրականությանը) դա սուրբ հավատքի դրսևորում է այն բանի հանդեպ, որ Ռուսական պետությունն ամբողջությամբ կառավարվում է ադրբեջանական ոչ հրապարակային կառույցների (պարզ ասած՝ մաֆիայի) կողմից։
«Վերջինը, սակայն, թեև տհաճ, բայց ուշադրության արժանի վարկած է՝ հաշվի առնելով ՌԴ պաշտոնյաների վերաբերմունքն առնվազն մեր խաղաղապահների պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ», – հայտարարել է նա:
«Եվ ևս մեկ անգամ՝ Ադրբեջանի ոչ մի ռմբակոծության՝ ոչ սովորական, ոչ էլ առավել ևս միջուկային, ես կոչ չեմ արել։ Այն մարդկանց, ովքեր իմ խոսքերն անճանաչելի են դարձրել, ես կարեկցում և անկեղծ ներողություն եմ խնդրում։ Իսկ մեր խաղաղապահներն ինձ համար սուրբ են, և 2008 – ի կրկնությունն անթույլատրելի է», – ընդգծեց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ: Մարտի 28-ին «60 минут» և «Время покажет» թոք-շոուներում, որոնք հեռարձակվել են համապատասխանաբար ««Россия 1» և «Первый» դաշնային ալիքներում, նա Ադրբեջանին անվանել է սպառնալիք Ռուսաստանի համար և կոչ է արել ոչնչացնել վերջինիս նավթարդյունաբերությունը: