Ռուս բլոգերների խորհուրդը կազմել է բողոքական նամակ Meta – ին՝ պահանջելով 1 մլրդ դոլար փոխհատուցում վճարել Instagram սոցցանցի օգտատերերի և գործարարների արգելափակումից տուժածների օգտին (Instagram-ը պատկանում է Meta ընկերությանը, սոցցանցն արգելված է և արգելափակվել է Ռուսաստանի տարածքում): Այս մասին մարտի 31-ին Հանրային պալատում կլոր սեղանի ժամանակ հայտնել է այդ խորհրդի հիմնադիր Վալերի Ռյոտվինան, հայտնում է «Ведомости»-ն։
Նամակում նաև պահանջ է պարունակվում Meta-ին հրապարակավ ներողություն խնդրել Ռուսաստանի քաղաքացիներից։ «Վճարված փոխհատուցումը կուղղվի Meta Platforms Inc-ի անօրինական գործողությունների հետևանքով վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ փաստաթղթի հեղինակների, եթե Meta-ն փոխհատուցում չվճարի, խորհուրդը նախատեսում է հայց ներկայացնել դատարան: Որոշումը, թե որ դատարան կներկայացվի հայցը, դեռ չի ընդունվել, նշել է Ռյոտվինան. դիտարկվում են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան դատարան ներկայացնելու տարբերակները: