Բելգորոդի նավթի պահեստում ուրբաթ օրը հրդեհ է բռնկվել Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է TACC-ը։
«Նավթի պահեստում հրդեհը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով։ Ուղղաթիռները Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա, զոհեր չկան»,- գրել է Գլադկովը։
Նրա խոսքերով՝ գազալցակայաններում վառելիքի մատակարարման շղթաները կփոխվեն նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով։
«Նավթային պահեստում բռնկված խոշոր հրդեհի հետ կապված՝ մենք զբաղվում ենք գազալցակայաններում վառելիքի մատակարարման լոգիստիկ շղթաների փոփոխությամբ։ Վիճակը կայուն է։ Վառելիքի պակաս չի եղել, չկա և չի լինելու»,- գրել է նա։
Մարզի ղեկավարի խոսքով՝ երկու բանվոր վիրավորվել է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Հրդեհի պատճառով ձեռնարկությանը հարող երեք փողոցների տների բնակիչները վերաբնակեցվում են։