Ֆրանսիան ԵՄ գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Կիևի մերձակայքի Բուչա քաղաքում տիրող իրավիճակի հետ և թույլ կտա սահմանափակել ռուսական նավթի և ածխի մատակարարումները։ Այս մասին երկուշաբթի France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է TACC-ը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Բուչայում, մեզ պարտավորեցնում է պատժամիջոցների նոր շարք մտցնել։ Մենք նախատեսում ենք համակարգել ջանքերը մեր եվրոպացի գործընկերների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ»,- ասել է ֆրանսիական պետության ղեկավարը։
Պատասխանելով Ռուսաստանից նավթի և ածխի մատակարարումներից հրաժարվելու ԵՄ-ի պատրաստակամության մասին հարցին՝ Մակրոնն ասել է, որ «այս ոլորտում սահմանափակումները հատկապես ցավալի կդառնան»։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերին այդ հարցը կարող է քննարկվել ԵՄ մակարդակով։
«Կարծում եմ, որ նավթի և ածխի հետ կապված մենք կարող ենք առաջ շարժվել, և մենք պետք է առաջ շարժվենք պատժամիջոցների առումով»,- ասել է Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են Սումիի շրջանի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանության մեջ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերքել է այս մեղադրանքները՝ ասելով, որ Ռուսաստանի զինված ուժերն ամբողջությամբ լքել են Բուչան մարտի 30-ին, մինչդեռ «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ քաղաք են ժամանել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։
ՌԴ ՊՆ-ն նաև ընդգծել է, որ մարտի 31-ին Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է ռուս զինվորականների բացակայությունը քաղաքում, մինչդեռ նա չի նշել փողոցներում գնդակահարված տեղի բնակիչների մասին։