Ռուսաստանը բողոքել է Թուրքիային Ուկրաինային Bayraktar TB2 հարվածային անօդաչուների վաճառքի կապակցությամբ։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային: «Ռուսները հիասթափված են և ժամանակ առ ժամանակ բողոքում են դրոնների վաճառքից։ Նրանք նախկինում բողոքել են, բողոքում են նաև հիմա», – գործակալությունը մեջբերում է թուրքական աղբյուրը։
Նրա խոսքով՝ թուրքական կողմը պատասխանել է, որ ԱԹՍ-ների վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից։ «Բայց մենք արդեն պատասխան ենք տվել, որ դրանք մասնավոր ընկերություններ են, և դրոնների այդ գնումները եղել են նաև պատերազմից առաջ», – ասել է գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինա ցավոտ են ընկալվում ռուսական հասարակության մեջ: