Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Су – 57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի F-16 կործանիչների վաճառքից։ Այս մասին հայտնել է թուրքական Milliyet թերթը, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ Անկարան Վաշինգտոնից պահանջել է 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 մոդեռնիզացման հավաքածու` Թուրքիայի սպառազինության մեջ արդեն առկա F-16-երի համար: Եթե այս հարցումը հավանության չունենա, ինչպես նշում է պարբերականը, Անկարան կսկսի այլընտրանքներ փնտրել, որոնց թվում կլինեն նաև ռուսական Сy-57-երը:
Պարբերականը չի բացառում, որ կարող են դիտարկվել նաև Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ինքնաթիռների ձեռքբերման տարբերակները: Իսկ եթե ամերիկյան Կոնգրեսը հավանություն տա F-16-ի գործարքին, ապա այդ ինքնաթիռները Հանրապետությանը բավարար կլինեն պաշտպանության ոլորտի պահանջարկն ապահովելու համար այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան շահագործման չի հանձնել իր սեփական TF-X կործանիչը, որը մշակվում է 2016 թվականից, հավելում է պարբերականը: