Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, երկու տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Սասսեքսի դքսուհու ներկայացուցիչը պարբերականին հաստատել է, որ զույգը թագուհուն այցելել է ապրիլի 13-ին: Նշվում է, որ նրանք կանգ են առել Վինձորի դղյակի տարածքում։
Զույգը նաև հանդիպել է Հարիի հոր՝ արքայազն Չարլզի հետ։
Վերջին անգամ արքայազն Հարրին Եղիսաբեթ 2-րդին տեսել է 2021 թվականին նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ։ Մեգան Մարքլը թագուհու հետ չի հանդիպել 2020 թվականից։
Բացի այդ, սա զույգի առաջին հանդիպումն է Եղիսաբեթ 2-րդի հետ՝ CBS-ին նրանց տված սկանդալային հարցազրույցից հետո, երբ Մեգան Մարքլը բողոքել է ինքնասպանական մտքերից և ակնարկել թագավորական ընտանիքում ռասիզմի մասին: Նրա խոսքով՝ իր ամուսնու հարազատները մտահոգված էին ապագա երեխայի մաշկի գույնով։