Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։
Չավուշօղլուի այդ քայլը բողոքի պատճառ էր դարձել Ուրուգվայում: Դեպքը տեղի էր ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողությունից հետո, որին մասնակցում էր Չավուշօղլուն:
Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել դեսպանի նշանակումը հաստատելու քվեարկություն, ինչի արդյունքում ուրուգվայցի պատգամավորները միաձայն դեմ են քվեարկել Սայրուսի նշանակմանը:
Դեսպանի գործը հետ է ուղարկվել Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերություններով հանձնաժողով: Որոշման մեջ ասվում է, որ այն որևէ առնչություն չունի դեսպանի անձի հետ: