Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ազգային օրենսդրության «ապախորհրդայնացման» մասին օրենքը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Ուկրաինայի օրենսդրության ապախորհրդայնացման մասին» օրենքը: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ ժողովրդական պատգամավորներին, ովքեր օգնեցին մշակել այս օրենքը և քվեարկել դրա ընդունման համար»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ այժմ Ուկրաինայի օրենսդրությունում ոչ մի հիշատակում չկա «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակների» մասին, ոչ էլ հղումներ Կոմկուսի մշակած ծրագրերին։
«Մաքրվել են ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ պետական իշխանության և կառավարման մարմինների գրեթե 1 200 ակտեր, հանձնարարական է տրվել Ուկրաինայի Նախարարների կաբինետին՝ մոտ ապագայում նույնն իրականացնել:
Ուկրաինայի կառավարությանը հանձնարարվել է նաև մշակել աշխատանքային, բնակարանային և վարչական նոր օրենսգրքեր։