Հյուսիսային Կորեան հայտարարել է Covid-19 վարակի առաջին դեպքերի բացահայտման մասին
Հյուսիսային Կորեայի տարածքում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Մայիսի 8-ին Փհենյանում տենդով մի քանի հիվանդների մոտ անալիզներ են վերցրել, որոնց արդյունքները հաստատել են «օմիկրոն» շտամով վարակվելը: Դրանից հետո երկրի իշխանությունները հայտարարել են վիրուսային վերահսկողության համակարգի ներդրման մասին:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քաղբյուրոյի նիստ է անցկացրել, որտեղ կոչ է արել ուժեղացնել սահմանային հսկողությունը և արգելափակել վարակի տարածման բոլոր հնարավորությունները: Նա նաև խոստացել է հաղթահարել «անսպասելի ճգնաժամը»։
Հյուսիսային Կորեան պանդեմիայի ողջ ընթացքում հայտարարել է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի բացակայության մասին: 2020 թվականի հունվարին ԿԺԴՀ-ի իշխանություններն ամբողջությամբ փակել են սահմանները օտարերկրացիների և երկրի քաղաքացիների համար, որպեսզի թույլ չտան Covid-19-ի ներթափանցումը: