Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական ինքնաթիռների թռիչքները հունական կղզիների վրայով, Հունաստանը չի հանդուրժի իր ինքնիշխանության խախտումները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում։
«Հունաստանը միշտ բաց է երկխոսության համար։ «…» Մենք չենք համաձայնի որևէ գործողության, որը խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը: Հունական կղզիների վրայով թուրքական ռազմական ավիացիայի թռիչքները պետք է անհապաղ դադարեցվեն», – ասել է Միցոտակիսը։
Նա նաև կոչ է արել ամերիկացի կոնգրեսականներին չմոռանալ 1974 թվականին Կիպրոս թուրքական զինված ներխուժման մասին: «Խնդրում եմ ձեզ չմոռանալ բաց վերքը. ես նկատի ունեմ ներխուժումն ու Կիպրոսի բաժանումը։ Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։ Նույնը վերաբերում է նաև մյուս բոլոր տարածաշրջանային հակամարտություններին»։
Մայիսի 4-ին Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոաննուն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միցոտակիսը կանդրադառնա Թուրքիայի կողմից Էգեյան ծովի տարածաշրջանում մայիսի 16-17-ը ԱՄՆ կատարած այցի ժամանակ լարվածության սրման հարցին: Պապաիոաննան մատնանշել է «լարվածության աննախադեպ աճն ու Թուրքիայի սադրիչ պահվածքը»։ Նրա խոսքով՝ միայն մեկ օրում՝ ապրիլի 27-ին, արձանագրվել է թուրքական ռազմական ավիացիայի կողմից Հունաստանի օդային տարածքի 168 խախտում և հունական կղզիների վրայով թուրքական ինքնաթիռների 42 թռիչք, ներառյալ նրանց բնակելի շրջանները: Դիվանագետը նշել է, որ մեկ օրվա ընթացքում Հունաստանի տարածքում թուրքական ինքնաթիռների թռիչքների թվով նախորդ ռեկորդը գրանցվել է 2020 թվականին՝ 23 անգամ: Հունական Newsit.gr տեղեկատվական պորտալ վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչության որոշումը՝ մայիսի սկզբին հայտնել էր, որ Հունաստանը որոշել է ամբողջությամբ ակտիվացնել ՀՕՊ համակարգերը՝ թուրքական ավիացիայի սադրանքների պատճառով իր կղզիների պաշտպանության համար։