Meta-ում մեկնաբանել են Տեխասի դպրոցում հրաձգություն կազմակերպողի հաղորդագրությունները։ Meta ընկերությունում ճշտել են, որ այն հաղորդագրությունները, որոնք Սալվադոր Ռամոսը գրել է Facebook-ում նախքան տարրական դպրոցում հրաձգություն սկսելը, անձնական են եղել և դրանք հայտնաբերել են ողբերգությունից հետո:
Ավելի վաղ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել էր, որ հարձակումից կես ժամ առաջ կասկածյալը Facebook-ում գրել էր, որ պատրաստվում է սպանել իր տատին, այնուհետև գրել էր, որ կրակել է նրա վրա։ Երրորդ գրառմամբ նա հայտնել էր, որ մտադիր է զանգվածային հրաձգություն կազմակերպել տարրական դպրոցում:
«Հաղորդագրությունները, որոնք նկարագրել է նահանգապետ Էբոթը, անձնական տեքստային հաղորդագրություններ են եղել, որոնք հայտնաբերվել են սարսափելի ողբերգությունից հետո»,- Twitter-ում գրել է ընկերության մամուլի քարտուղար Էնդի Սթոունը։
Նրա խոսքով՝ Meta-ն իրավապահ մարմինների հետ սերտորեն համագործակցում է ընթացիկ հետաքննության շրջանակներում։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Տեխասի Յուվալդե քաղաքի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսը կրակ է բացել տարրական դպրոցում։ Նա սպանվել է ոստիկանների կողմից։ Դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և երկու մեծահասակ, ևս 17 մարդ վիրավորվել է: