Թուրքիան այս փուլում մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Էներգետիկ հարցը կքննարկվի Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարների միջև։ Մենք ասել ենք, որ եթե Իսրայելը հասնի գազի ծավալներին Եվրոպա արտահանելու համար, ապա Թուրքիան կդառնա միակ տնտեսական երթուղին [դա իրականացնելու համար]։ Մենք՝ Թուրքիան, խնդիրներ չունենք, և առայժմ լուծում չունենք էներգետիկ անվտանգության տեսանկյունից գազ չգնել Ռուսաստանից», – նրա խոսքը մեջբերում է Sabah թերթը։
Թուրքիայի պաշտոնատար անձինք ավելի վաղ բազմիցս հայտարարել են ՌԴ-ից գազի մատակարարումներից հրաժարվելու անհնարինության մասին:
Այսպես, մարտի վերջին Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից։ Ընդ որում, նա ասել է, որ Անկարան դիտարկում է այլ երկրներից իր էներգետիկ կախվածության կրճատման հնարավորությունները։