Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանային կայունությունը և կբարդացնի իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճի վերաբերյալ քննարկումներով, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության վրա ունեցած ազդեցությամբ», – ասել է նա:
Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել հրադադարի ներկայիս գծերի պահպանմանը, դատապարտում է ցանկացած էսկալացիա, որը կարող է սպառնալ իրավիճակին: Պետքարտուղարության ներկայացուցիչը կարևորել է բոլոր կողմերի համար կրակի դադարեցման գոտու պահպանումն ու աջակցությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ավարտել իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացը: Բացի այդ, Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ընդլայնումը: