Հայաստանը, ընդհանուր առմամբ երրորդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջպետական երկրորդ գանգատն է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի: Միջպետական մի գանգատ էլ մեր պետության անունից նույն հարևանի դեմ կա նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Հաագայում:
«ՄԻԵԴ-ը «Հայաստանն ընդեմ Ադրբեջանի.2 գանգատն է ընդունել վարույթ»,-«Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է Միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ադրբեջանն այնքան էլ աչքի չի ընկնում միջազգային ատյանների կայացրած վճիռների կատարումով»,-իր հերթին նշել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
Բացի միջպետականից նաև Հայաստանի քաղաքացիներն են բազմաթիվ անհատական գանգատներ ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից շատերի վճիռներով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքներն ու նորմերը:
Այսպիսի վճիռները, բացի կոնկրետ անձանց համար կարևոր լինելուց, նաև խիստ անհրաժեշտ են պետությանը՝ ապացուցելու, որ հայերի նկատմամբ էթնիկ ատելությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Իսկ դա նշանակում է, որ անկախ «մարդասիրական» հայտարություններից Բաքուն չի ապահովի հայերի կյանքի իրավունքն ու անվտանգությունը, երբ խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու իր երազանքի մասին: