ԱՄՆ-ում մահացած կնոջ համար սգացող մի տղամարդ վերջինիս աճյունով յոթ շիշ է նետել օվկիանոս, ստացել դրանց պատասխանները և ընկեր գտել օվկիանոսից այն կողմ: Այս մասին հայտնում է 6News-ը։
Ռենդին և Մելինդան ամուսնացած են եղել 40 տարի: Այդ բոլոր տարիների ավանդույթներից մեկն օվկիանոս նամակներով շշերի նետելն է եղել։ Նրանք ամեն տարի նամակով շիշ են նետել ջրի մեջ, երբ մեկնել են Հյուսիսային Կարոլինա նահանգի Հաթերաս կղզի։ Երբեմն զույգը պատասխաններ է ստացել, բայց առավել հաճախ նրանց հետագա ճակատագիրը անհայտ է եղել։
2017 թվականի դեկտեմբերին Մելինդան մահացել է քաղցկեղից։ Նրա ամուսինը և չորս երեխաները ծանր են տարել կնոջ կորուստը։ Ընտանիքը որոշել է օվկիանոս նետել Մելինդայի աճյունով յոթ շիշ և ուղերձներ իրենց կյանքի և մարդկանց հանդեպ սիրո մասին: Ընտանիքը 5 շիշ է նետել, ևս 2 շիշ տվել են ձկնորս ընկերոջը, որպեսզի նա նրանց թողնի Մեքսիկական ծոցում գտնվող օվկիանոս:
Առաջին շիշը գտել են Փենսիլվանիա նահանգի վանականները։ Նրանք տղամարդուն նամակ են գրել, որում պատմել են գտածոյի հանգամանքների մասին և հավելել, որ աղոթել են վերջինիս ընտանիքի համար:
Մի քանի օր անց ամերիկացին հաղորդագրություն է ստացել երկրորդ շշի հայտնաբերման մասին։ Երրորդ շիշը գտել է Հյուսիսային Կարոլինայում գտնվող մի ռեյնջեր։ Հաղորդագրությունն այն մասին, որ հայտնաբերվել է չորրորդ շիշը, տղամարդը ստացել է հարսանիքի 40-րդ տարեդարձին:
Ութ ամիս անց՝ Սուրբ Ծնունդից առաջ, Մարիեդ Սթոնթոնը Իռլանդիայում առանց շշի փաթեթ է գտել։ «Այն կապկպված էր կարմիր ժապավենով։ Ես մտածեցի, որ դա ինչ-որ իմաստալից բան է։ Ներսում նամակ կար, որում ասվում է. «Նրան, ով կգտնի այս շիշը։ Սա սիրո պատմություն է, որը սկսվել է 1960-ականներին։ Հիշողությունները պարգևն էին բոլոր նրանց, ում նա հանդիպել էր։ Իսկ նրա օրհնությունը մեր կյանքի պատմությունների միահյուսումն էր։ Դրանք հրաշալի 40 տարի էին Մելինդայի հետ»,- պատմել է Սթոնթոնը։
Իռլանդացու և Ռենդիի միջև հեռավոր բարեկամություն է սկսվել։ «Երբ Մարիեդը կապվեց մեզ հետ և պատմեց, որ առանց շշի նամակ է գտել, դա զարմանալի էր։ Այդ ժամանակ ես հասկացա, որ Աստված մեզ ասում է, որ շշերը կարող են կոտրվել, մեր մարմինները՝ մոխրի վերածվել, բայց ուղերձը կմնա»,- ընդգծել է ամերիկացին։
Յոթերորդ շիշը դեռ ոչ ոք չի գտել։