Կիևը կարող է Մոսկվայի հետ բանակցություններին վերադառնալ օգոստոսի վերջին՝ այն բանից հետո, երբ վերջինս մտադիր է հակահարձակման գնալ որոշ հատվածներում։ Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արահամիան։
«Օգոստոսի վերջին», – ասել է նա՝ ուրբաթ օրը պատասխանելով այն հարցին, թե երբ Ուկրաինան կկարողանա շարունակել բանակցությունները: – Մենք չենք ուզում կիսվել ռուսների հետ մեր ծրագրերով, քանի որ նրանք կարող են տեսնել այն բաց աղբյուրներում. բայց ես կարծում եմ, որ մենք հակահարձակման գործողություն կիրականացնենք որոշ տեղերում»։
Արախամիան ընդգծել է, որ Ուկրաինան չի ընդունի «տարածքի կորուստը, դա իրավաբանորեն անհնար է»: «Բայց մենք կարող ենք քննարկել քաղաքական համաձայնագիրը, որը մենք առաջարկել ենք Ստամբուլում։ Այսպիսով, մենք Ղրիմի հարցը չէինք բարձրացնի որոշակի տարիների ընթացքում, օրինակ։ Այսպիսով, պայմանավորվածությունը ձեռք կբերվեր ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով, իսկ դա արդեն փոխզիջում կլիներ», – հավելել է նա։
Ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են փետրվարի 28-ից։ Մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել Բելառուսում, այնուհետև կողմերը շարունակել են շփումը տեսակապով: Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտարարել էր, որ Կիևը, հրաժարվելով Թուրքիայի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը փակուղի է մտցրել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 20-ին հայտարարել է, որ Մոսկվան Կիևին է փոխանցել հստակ ձևակերպումներով համաձայնագրերի մասին փաստաթղթի նախագիծը և սպասում է պատասխանի: