Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բաց մրցույթ է հայտարարել Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծմանն ուղղված նախագծերի համար։ Այս մասին ասվում է դեսպանատան կայքում Track II ծրագրի նկարագրության մեջ։
Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք կներկայացնեն հետազոտությունների, կրթության, իրազեկման և վստահության ամրապնդման միջոցառումների տարրեր պարունակող ծրագրեր:
Ծրագրի նպատակներն են ամրապնդել և ընդլայնել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հանրային դիվանագիտության գործող առաջնորդների/միջնորդների ցանցը, ընդլայնել կուտակված գիտելիքները, հասկանալ ներկա իրավիճակը, օգտագործել հետկոնֆլիկտային պայմաններում շփումների ներուժը, փոխել Հայաստանի և Ադրբեջանի և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հանրային ընկալումը, ուսումնասիրելով փոխգործակցության նոր մոդելների ներուժը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու համար, ինչպես նաև ստեղծել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտ:
12 ամիս տևողությամբ՝ 400 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը ուղղված է երիտասարդներին, լրագրողներին, գիտնականներին և այլ կարծիքի առաջնորդներին՝ օգնելու համախմբել հակամարտության երկու կողմերի մարդկանց:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 14-ը, ծրագրի մեկնարկի հաշվարկային ամսաթիվը՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։