ԱՄՆ-ի իշխանությունները Գերմանիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացնելու նոր միջոցներ կներկայացնեն։ Interfax-ի փոխանցմմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Մենք Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման վերաբերյալ առաջարկությունների կոնկրետ փաթեթ կներկայացնենք»,- լրագրողներին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Բացի այդ, սպասվում է, որ G7-ի ղեկավարները կքննարկեն ընդհանուր փաթեթը՝ կապված ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման միջոցառումների ընդունման հետ:
«Ես ակնկալում եմ, որ նրանք կխոսեն այն մասին, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել էներգակիրներից Ռուսաստանի եկամուտներն էլ ավելի կրճատելու համար։ Կքննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել այնպես, որ կայունացնենք համաշխարհային էներգետիկ շուկաները և նվազեցնենք խափանումներն ու ծանրաբեռնվածությունը»,- նշել է վարչակազմի ներկայացուցիչը:
Պաշտոնյան նաև հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ կունենա G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: