Անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ Bayraktar TB2 անօդաչու հարվածային համալիրներ անվճար կփոխանցի Ուկրաինային, հաղորդում է «Интерфакс-Украина»-ն:
Նշվում է, որ ավելի վաղ ուկրաինացի հաղորդավար Սերգեյ Պրիտուլան թուրքական հարվածային երեք անօդաչուներ գնելու դրամահավաքի մասին էր հայտարարել: Ավելի ուշ նա հայտնել է, որ նվիրատվությունների չափը հասել է 600 մլն գրիվնա, և դա թույլ է տալիս գնել արդեն 4 անօդաչու թռչող սարք:
«Baykar ընկերությունը չի ընդունի TB2-ի համար վճարումը և 3 ԱԹՍ կուղարկի ուկրաինական ճակատ։ Մենք խնդրում ենք, միևնույն ժամանակ, որ հավաքված միջոցներն ուղղվեն Ուկրաինայի ժողովրդի պայքարին», – գործակալությունը մեջբերում է ընկերության հաղորդագրությունը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թուրքիան Ուկրաինային անվճար է փոխանցել Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքը, որի համար Լիտվայում դրամահավաք էր հայտարարվել: