Ռուսաստանում դատարանը կալանավորել է Կազանի բնակչին, որը մտադիր էր մեկնել Ուկրաինա՝ ՌԴ ԶՈՒ դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է «Интерфакс»-ը:
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածը ծրագրել էր Հայաստանի և Վրաստանի տարածքով տեղափոխվել Ուկրաինայի տարածք, որը վերահսկվում է անօրինական զինված կազմավորումների կողմից: Այդ նպատակով կազանցին դիմել է Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդին՝ խնդրելով աջակցել իրեն Ուկրաինա մեկնելիս՝ օտարերկրյա լեգիոն մտնելու համար։
Հաղորդագրության համաձայն, մարտին Կազանի բնակիչը ձեռք էր բերել Մոսկվա-Երևան չվերթի ավիատոմսը, որն օգտագործելով 2022 թվականի մայիսի 18-ին փորձել էր մեկնել Հայաստանի Հանրապետություն, սակայն ձերբակալվել էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից: