Էմբեր Հերդը, որը Ջոնի Դեփին մեղադրում է ընտանեկան բռնության մեջ, պահանջում է չեղարկել դատարանի որոշումը, որի համաձայն նա մեղավոր է ճանաչվել և պարտավոր է նախկին ամուսնուն 10,35 մլն դոլարի փոխհատուցում վճարել (այդ թվում՝ 350 հազար դոլարի դատական ծախս), որը նշանակված է երդվյալ ատենակալների կողմից: Նրա փաստաբանները միջնորդության մեջ նշում են, որ գործով վճիռը չի ամրագրվել ապացույցներով։ Այս մասին հայտնում է Variety-ն։
43 էջանոց փաստաթղթում, որը, Variety-ի տվյալներով, հուլիսի 1-ին Վիրջինիայի նահանգի Ֆերֆաքս քաղաքի շրջանային դատարան է ուղարկվել, Հերդի իրավաբանները նաև պահանջում են «հետաքննել գործը քննող երդվյալ ատենակալներից մեկի ոչ պատշաճ վարքագիծը»: Փաստաբանների տվյալներով՝ նրա դատական փաստաթղթերում նշված է եղել ծննդյան ոչ ճիշտ ամսաթիվը. նա ծնվել է 1970 թվականին, բայց թղթերում նշվել է 1945։
«Այս անհամապատասխանությունը առաջացնում է այն հարցը, թե արդյոք երդվյալ ատենակալը ստացել է ծանուցագիր (դատական գործընթացին մասնակցելու համար) և արդյոք այն պատշաճ կերպով ստուգվել է դատարանի կողմից», – նշել են Հերդի փաստաբանները:
Նաև Հերդի իրավաբանները պնդում են, որ Դեպին շնորհված փոխհատուցման գումարը «չի հարաբերակցվում» ատենականլների այն եզրակացության հետ, որ դերասանուհին և արտիստը զրպարտել են միմյանց. դատարանը Հերդին պարտավորեցրել է նախկին ամուսնուն վճարել 10,35 մլն դոլար, իսկ Դեփին՝ 2 մլն դոլար՝ նրա հակընդդեմ հայցով: «Պարոն Դեփը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ Միսս Հերդը չի հավատում, որ նա բռնության է ենթարկվել։ Դրա համար էլ նրա հայցը չի համապատասխանել իրավական պահանջներին՝ փաստացի չարամտության նկատմամբ, և դատավճիռը պետք է չեղյալ հայտարարվի», — հայտարարել են Հերդի փաստաբանները։
Դեփը 2022 թվականի ապրիլի սկզբին զրպարտության հայց է ներկայացրել իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ, որը նրան մեղադրել է ընտանեկան բռնության մեջ: Դատական քննության առիթ է դարձել դերասանուհու հոդվածը, որը հրապարակվել է 2018 թվականին Washington Post-ում: Դրանում նա գրել է, որ դարձել է «հասարակական գործիչ և ներկայացնում է ընտանեկան բռնության զոհերին»։ Թեև Դեփի մասին չի հիշատակվել նյութում, դերասանի փաստաբանները պնդել են, որ հենց այդ նյութն է իրենց պաշտպանյալ կարիերային հարվածել:
Վեցշաբաթյա դատավարության արդյունքում ատենակալները հանգել են այն եզրակացության, որ Հերդը Դեփին զրպարտել է, ինչպես նաև գործել է « չարամտություն»՝ առաջ քաշելով ակնհայտ կեղծ մեղադրանքներ: