Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարներ Պեկա Հաավիստոն ու Անն Լինդեն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 30 երկրների դեսպաններ այսօր ստորագրել են Հյուսիսատլանտյան դաշինքին Հյուսիսային երկու երկրների անդամակցության մասին արձանագրությունները։ Այս մասին հաղորդում Է TASS-ը:
Արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո:
«Այսօր մենք պաշտոնապես ստորագրում ենք անդամակցության մասին արձանագրությունը և գործարկում ենք վավերացման ընթացակարգը։ ՆԱՏՕ-ի դուռը բաց է բոլոր եվրոպական ժողովրդավարությունների համար։ Մենք ավելի ուժեղ կլինենք 32 անդամ երկրների հետ, իսկ մեր ժողովուրդներն իրենց ավելի անվտանգ կզգան, քանի որ տասնամյակներ շարունակ անվտանգության խոշորագույն ճգնաժամ ենք ապրում»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արարողության բացման ժամանակ։
Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները, շնորհակալություն հայտնելով ՆԱՏՕ-ի երկրներին, հույս են հայտնել, որ փաստաթղթերի շուտափույթ վավերացումը կնպաստի դաշինքի զարգացմանը: ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիան ու Շվեդիան բանակցություններ են սկսել հուլիսի 4-ին։ Բանակցություններն ավարտվել են մեկ փուլով, ինչը բացարձակ ռեկորդ է դարձել Հյուսիսատլանտյան դաշինքի պատմության մեջ, քանի որ սովորաբար բանակցությունների գործընթացը տարիներ է տևում: