Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Երևանի դեսպանությունում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Իր ելույթում դեսպան Լույոն նշեց, որ Բաստիլի գրավման օրը՝ Հուլիսի 14-ը, որը Ֆրանսիայում նշվում է որպես Ազգային տոն, լավ առիթ է հիշեցնելու ոչ միայն Ֆրանսիայի՝ «խորապես եվրոպական երկիր» լինելու, որոշակի արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, լեզվամշակութային բազմազանությանը իր հավատարմության, այլև Ֆրանսիայի և Հայաստանի եղբայրական կապերի և ընդհանուր հանձնառությունների մասին:
Ըստ դեսպանի՝ Ֆրանսիան հանուն ժողովրդավարության ողջունում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված կառավարության բարեփոխումները, իսկ հանուն անվտանգության՝ աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
«Հանուն անվտանգության՝ Ֆրանսիան, ինչպես գիտեք, աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Այս համատեքստում, Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները, լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: Ֆրանսիան, բնականաբար, սատարում է այս ուղղությամբ Եվրամիության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը», – հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը:
Դեսպան Լույոյի խոսքով՝ Հուլիսի 14-ը լոկ պատմական իրողություն չէ, այն ապագայի և կամքի խորհրդանիշն է, իսկ Հայաստանը բնական խաչմերուկ է, կամուրջ ազդեցության ոլորտների, մշակույթների, առևտրային շուկաների միջև, և Ֆրանսիան վճռական է օգնել Հայաստանին վերականգնելու այս ավանդույթը՝ օգնելով նրան կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
«Մենք ողջունում ենք այս ուղղությամբ գործադրված կառավարության ջանքները», – հավելեց Ֆրանսիայի դեսպանը: