Շվեդիան հրաժարվում է Թուրքիային հանձնել FETO կազմակերպության ղեկավարներից մեկին՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։ Անկարան կազմակերպությունը համարում է ահաբեկչական և մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձի նախապատրաստման մեջ։
Ինչպես հաղորդում է «Anadolu»-ն, Շվեդիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Աֆղանստանի գծով խմբավորման «իմամի» (Յըլմազ Այթան) արտահանձնումը Թուրքիային: «Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ Այթանը FETO-ի արտասահմանյան ցանցի բարձրաստիճան անձանց թվում է»,- գրում է գործակալությունը:
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը Շվեդիայի իշխանություններին հարցում է ուղարկել Յըլմազ Այթանին արտահանձնելու վերաբերյալ՝ «զինված ահաբեկչական կազմակերպության ստեղծում/զինված ահաբեկչական կազմակերպության ղեկավարություն» հոդվածի հիման վրա։ Նշվում է, որ Գյուլենի կողմնակիցը Շվեդիայում ապրել է մոտ երեք տարի։
Թուրքական գործակալությունը գրում է, որ Շվեդիան Ֆինլանդիայի հետ համատեղ Մադրիդում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հուշագիր է ստորագրել Թուրքիայի հետ, որի համաձայն՝ «պարտավորվել է համագործակցել Անկարայի հետ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»: «Սակայն Ստոկհոլմը շարունակում է անպատասխան թողնել ահաբեկիչներին արտահանձնելու մասին պահանջները»,- գրում է գործակալությունը:
Ավելի վաղ Armenia Today -ը հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին։