Հուլիսի 17-ին Տվեր է այցելել Գյումրի քաղաքի պաշտոնական պատվիրակությունը: Տվերի ղեկավար Ալեքսեյ Օգոնկովը և Գյումրիի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը քաղաքների միջև քույր-բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրեր են ստորագրել: Այս մասին հայտնում է tverigrad.ru-ն։
«Ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակում տարբեր երկրների համայնքների միջև բարեկամական, քույր-բարեկամական հարաբերությունների ամրապնդումը հատուկ կարևորություն ունի,- ասել է Տվեր քաղաքի ղեկավար Ալեքսեյ Օգոնկովը: – Սա կարևոր քայլ է, որը խոսում է մեր հայացքների ընդհանրության և համատեղ աշխատանքի պատրաստակամության մասին, որն անհրաժեշտ է գործընկերային հարաբերությունների զարգացման և կարևոր նախագծերի իրականացման համար»:
«Մեր քաղաքներն ու մեր ժողովուրդները վաղուց արդեն քույրացած են, և այսօր մենք դա պաշտոնապես արձանագրել ենք։ Վստահ եմ, որ համաձայնագիրն լուրջ թափ կհաղորդի երկու քաղաքներին: Մենք շփման շատ կետեր ունենք, համագործակցության ներուժ ունենք ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային ոլորտներում»,- նշել է Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը։