Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, զգալի ավանդ ունեն սիրիական հակամարտության կարգավորման գործում, իսկ ապրանքաշրջանառության տեսանկյունից կարող են պարծենալ ռեկորդային թվերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը:
«Մենք կարող ենք պարծենալ ապրանքաշրջանառության աճի տեսանկյունից։ Մենք ամրապնդում ենք մեր փոխգործակցությունը միջազգային անվտանգության ոլորտում, էական ներդրում ենք կատարում սիրիական ճգնաժամի կարգավորման գործում», – Պուտինի խոսքը մեջբերում է
РИА Новости – ն։
Իր հերթին Ռաիսին հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի այցը Իրան առանցքային պահ կդառնա երկկողմ հարաբերություններում:
«Հուսով եմ, որ Ձեր այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային փուլ կդառնա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության առումով», – ասել է նա:
Բացի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ բանակցություններից, Պուտինը հանդիպում կունենա գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, որից հետո Ռուսաստանի նախագահն առանձին կխոսի Թուրքիայից իր գործընկերոջ հետ: Հանդիպումների ավարտին տեղի կունենան Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով բանակցություններ, որոնց արդյունքում, ինչպես սպասվում է, նախագահները հայտարարություն կանեն։